«Յանուս» արտիստական թատրոնն օրերս հանդիսատեսի դատին հանձնեց «Բռնաբարված հարսանիք կամ խաբեություն հայկական ձևով» կատակերգությունը: Թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար ՄԽԻԹԱՐ ՄՈՍ-ՄՈՒՇԵՂՅԱՆԻ հետ մեր զրույցը թատրոնի ստեղծագործական անցուդարձի, առաջիկա ծրագրերի և առկա խնդիրների մասին է: «Յանուս»-ը հիմնվել է 2008-ին: Խմբում ներառված է շուրջ 20 դերասան: Ներկայացել են 20-ից ավելի պրեմիերաներով («Օնոֆը», «Սիրահարը», «Կայսեր որդին»): «Յանուս»-ն իր մուտքը թատերական աշխարհ ազդարարել է «Օնոֆ» ներկայացմամբ: Բեմադրվող պիեսների հեղինակը հիմնականում Մխիթար Մոս-Մուշեղյանն է: Մի քանի օրից լրանում է «Յանուսի» հիմնադրման 8-ամյակը: «Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է: 2008-ի այդ օրն է նաև հիմնվել մեր թատրոնը: Զուգադիպել է: Մարտի 27-ը նաև իմ ծննդյան օրն է»,- ասաց Մխիթար Մոս-Մուշեղյանը:
-Որտե՞ղ կարելի է դիտել ձեր ներկայացումները:
-Հանդես ենք գալիս ամենատարբեր բեմերում` Համազգային պետական թատրոնում, Կույրերի միավորման մշակույթի տանը, «Մետրո» թատրոնում, «Կանազ» մշակույթի տանը և այլ բեմերում: Դժվար է, երբ չունես սեփական տարածք, սեփական բեմ:
-Հանդիսատեսի խնդիր ունե՞ք:
-Հանդիսատեսի խնդիր այսօր բոլոր թատրոններն ունեն:
-Ինչպե՞ս եք տեղեկացնում հանդիսատեսին ներկայացումների մասին: Գովազդը մեր օրերում մեծ դեր ունի:
-Այդ հարցում մեծապես օգնում է համացանցը:
-Մարզերում հյուրախաղեր ունենո՞ւմ եք:
-Այո, շրջել ենք Արցախում, ՀՀ մարզերի ամենատարբեր, այդ թվում` սահմանապահ գյուղերում: Մարզերում հիմնականում մանկական ներկայացումներ ենք ցուցադրում՝ «Քաջ Նազար», «Չախ-չախ թագավորը», «Սուտասանը» և այլն: Տոմսերի արժեքը սիմվոլիկ է` 200-300 դրամ:
-Հովանավոր ունե՞ք: Տոմսերի Ձեր նշած գինը հազիվ ճանապարհածախսին բավականացնի:
-Կազմավորման օրից մեր թատրոնը հովանավոր չի ունեցել:
-Էնտուզիա՞զմն է օգնում:
-Ոչ, արդեն այդ տարիքում չենք, որ առաջնորդվենք էնտուզիազմով: Ավելի շատ նախասիրության հարց է, գաղափարի: Մարզերում թատրոն չկա, մայրաքաղաք գալը ծախսատար է: Մարզերի երեխաները նաև մասնագիտություն ընտրելու խնդիր ունեն: Թատերական ինստիտուտն ամեն տարի ավելի քան 500 բեմադրիչ, դերասան է տալիս: Նրանց մի մասը ընտրել է այդ մասնագիտությունը, որովհետև մոդայիկ է: Ինչ-որ ժամանակ վարսավիրությունն էր մոդա, հետո խոհարարի մասնագիտությունը: Հիմա էլ մտածում են` դերասան դառնան, սերիալներում խաղան: Վարձատրությունը լավ է: Սահմանամերձ գյուղերի երեխաները պետք է ամեն ինչից տեղյակ լինեն: Գուցե և այդ ներկայացումների միջոցով, թատրոնը գյուղ տանելով, ապագայում ունենանք մեծ ու շնորհալի դերասաններ:
-Մարզային թատերախմբերի մասին ի՞նչ կասեք:
-Շատ են սիրողական, լուրջ մասնագետներն իրենց նեղություն չեն տալիս գյուղ գնալու: Տարիներ առաջ ես որոշել էի գնալ մի որևէ գյուղ, բացել թատերական խմբակ: Հետո փոշմանեցի:
-Ինչո՞ւ:
-Որովհետև դեռ անելիքներ ունեմ, վստահորեն կգա ժամանակը, երբ կգնամ:
-«Յանուս»-ի ներկայացումները հիմնականում Ձեր պիեսների հիման վրա են բեմադրվում: Ո՞ր ժանրում եք ներկայանում:
-Ես կողմ եմ դրամատիկական կերպարներին, սիրում եմ դրամայի ժանրը, բայց բեմադրում եմ կատակերգություն: Դա մեր ժամանակի պահանջն է: Մեր վերջին պիեսում գործազուրկ հերոսները գնում են կողոպտելու օտարազգիներին, հետո իրար են կողոպտում: Մերօրյա խնդիր է: Հանդիսատեսը պետք է ինքն իրեն տեսնի:
-Ո՞րն է Ձեր թատրոնի հիմնական խնդիրը:
-Մեր թատրոնն ունի տարածքի, աջակիցների խնդիր:
-Եռամսյակը մեկ եք հանդես գալիս, չունեք ներկայանալու մշտական տարածք: Այնուհանդերձ, «Յանուսն» ունի՞ իր հանդիսատեսը:
-Բնականաբար, եթե չունենայինք, պիտի մտածեինք, որ ինչ-որ բան ճիշտ չենք արել ու դադարեցնեինք մեր գործունեությունը:
-Թատերասերները այցելում են երևանյան տարբե՞ր թատրոններ, թե՞ ունեն իրենց սիրելի թատրոնը:
-Երկու տարբերակն էլ կա: Մի մասը հետաքրքրվում է բոլոր թատրոններով, բայց, վերջին հաշվով, ընտրում է իր թատրոնը, իր սիրած դերասանին:
-Ո՞րն է ձեր ամենապահանջված ներկայացումը:
-«Բռնաբարված հարսանիքը»:
-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք: Պրեմիերաներ կլինե՞ն:
-Երկար ժամանակ է` ուզում եմ բեմադրել Հուլիոս Կեսարի մասին գրած իմ պիեսը՝ «Հուլիոս Կեսար. վերջին շաբաթը երկրի վրա»: Սատիրա է` հիմնված պատմական փաստերի վրա: Սատիրայի ժանրը կորել է հայ թատրոնների խաղացանկից:
-Գուցե պահանջա՞րկ չկա:
-Ժանրը պետք է պահպանել: Հիմա շատ ներկայացումներ կան, որոնց պահանջարկը չկա, և հակառակը, կան պահանջարկ ունեցող ներկայացումներ, որ չեն բեմադրվում:
-Դուք կատակերգություններ եք բեմադրում ժամանակի՞ պահանջով:
-Այո, բայց կատակերգությունը չպետք է գռեհկության վերածել: Օրինակ, «Բռնաբարված հարսանիք»-ի վերնագիրը կոպիտ է հնչում, երկար ժամանակ մտածում էի, որ պետք է փոխել: Բայց երբ նայում ես բեմադրությունը, հասկանում ես` ինչի համար է դրված: Մեր օրերում կարող ես հանդիպել «Պուտինն ու Օբաման» վերնագրով ներկայացման գովազդի, գնում ես, տեսնում` մեկի մականունը Պուտին է, մյուսինը՝ Օբամա: Ընտրած վերնագրի համար պիտի պատասխան տաս:
-Թատրոնի աշխարհում, առհասարակ, արվեստում նոր խոսք ասելը դժվա՞ր է:
-Ոչ, եթե խոսքդ դիպուկ է:
-Ի՞նչ կասեք վերջում:
-Կուզեի, որ հանդիսատեսը հասկանար` ինչո՞ւ է գնում թատրոն, ի՞նչ ներկայացում է դիտում: Թատրոնից տուն պիտի գնաս տպավորությունների ներքո: Ներկայացումը, լինի կատակերգություն, սատիրա, թե ողբերգություն, պետք է մտածելու տեղիք տա:
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ